вторник, 18 октября 2016 г.

Երկրորդ այցը՝ դեպի Մատենադարան


Հաճելի է, երբ օրդ դասավորվում է այնպես, որ մանկությանդ տարիներին այցելած վայրը կրկին հնարավորություն ես ստանում տեսնելու՝ աչքերով
հիանալու և ականջներով ըմբոշխնելու, իհարկե, ավելի հասուն ըմբռնողականությամբ և ավելի խորը արժևորմամբ։ Հոկտեմբերի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներս Վրաստանից ժամանած մի խումբ ուսուցիչների և աշակերտնրի հետ որոշեցինք այցելել աշխարհի հնագույն և խոշորագույն գրապահոցներից մեկը՝ Մատենադարան։

Հետաքրքիր շրջագայություն էր մեզ սպասվում՝ հայ և համաշխարհային ձեռագրային եզակի նմուշների ցուցադրությամբ և հայ ժողովրդի պատմության
կերտման, զարգացման շրջափուլից մինչև վերջին հարյուրամյակն ընկած ժամանակաշրջանի
ներկայացմամբ։ Ավելի մանրամասն տեղեկացանք մեր սրբերի, պատմիչների, գրիչների կենսագրություններին ու աշխատություններին։ Հնարավորություն ստացանք շրջելու հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառներով` պատմություն, աշխարահագրություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, մանրանկարչություն, երաժշտություն և այլն։ Հայերեն մատյաններից բացի այստեղ տեսանք նաև ասորերեն, պարսկերեն, հունարեն, արաբերեն, հնդկերեն, ճապոներեն եւ այլ լեզուներով ձեռագրեր: Մշակութային ժառանգության այս գրապահոցում կորստից փրկվել են նաև բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզովով չեն պահպանվել և հայտնի են միայն հայերեն թարգմանությունները: Ձեռագրերի՝ այդ շուրջ 20.000 մատյաններում, տեղեկություններ, փաստեր ու վկայություններ կան գրեթե բոլոր ժամանակաշրջանների ու պատմությունների մասին։

Այսպիսով՝ Մատենադարանը մի վայր է, որտեղ կարող ես փնտրել հինը, հնագույնը, սակայն ամեն անգամ գտնել ինչ-որ նոր բան․․․

                                                                           Արմինե Գասպարյան, 12-րդ դասարան      

Комментариев нет:

Отправить комментарий